ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ «ԱՌԱՋԸՆԹԱՑՆ» ՈՒ «ՈՐՈՇԱԿԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ «ԱՌԱՋԸՆԹԱՑՆ» ՈՒ «ՈՐՈՇԱԿԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
24.11.2009 | 00:00

Մյունխենում նոյեմբերի 22-ին, այս տարվա ընթացքում վեցերորդ անգամ, հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Ֆրանսիայի հյուպատոսության շենքում բանակցությունները շարունակվել են չորս ժամ, որից հետո համանախագահները հայտարարել են, որ «բանակցություններում շատ կարևոր առաջընթաց է արձանագրվել», բայց, միևնույն ժամանակ, պարզվել են «որոշակի դժվարություններ»: «Այս քննարկումները հնարավորություն տվեցին նախագահներին, ինչպես նաև համանախագահներին, որոշելու առաջընթացի ճշգրիտ տարրերը: Այսօրվա բանակցությունները հնարավորություն են տվել նաև որոշելու այն դժվարին հարցերը, որոնք դեռևս չեն լուծվել»,- մասնավորապես ասել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
Ավելի ուշ համանախագահները հանդես եկան հայտարարությամբ` նախագահների հանդիպումը գնահատելով «կառուցողական»: Նկատենք, որ սա առաջին հանդիպումը չէ, որը համանախագահների այդպիսի գնահատականին է արժանանում: «Բանակցությունները կառուցողական էին. որոշ հարցերի վերաբերյալ կա առաջընթաց, միաժամանակ մի քանի հարցեր շարունակում են բաց մնալ»,-ասված է հայտարարության մեջ:
Նախագահները հանձնարարել են արտգործնախարարներին` մի շարք հարցերի շուրջ շարունակել աշխատանքները համանախագահների հետ: Որպես հաջորդ քայլ համանախագահները նախատեսում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը դեկտեմբերի սկզբին Աթենքում` ԵԱՀԿ նախարարների խորհրդի տարեկան հանդիպման շրջանակում:
Մինչ հանդիպումը Իլհամ Ալիևը «վճռորոշ» էր համարել մյունխենյան բանակցությունները: «Այդ հանդիպումը պետք է վճռորոշ դերակատարություն ունենա բանակցությունների գործընթացում: Եթե այս հանդիպումը ևս ավարտվի անարդյունք, բանակցությունների հետ կապված մեր հույսերը կսպառվեն, ու մենք այլ տարբերակ չենք ունենա, բացի մեկից»,- ասել էր նա` պարզաբանելով, որ այդ տարբերակը «Լեռնային Ղարաբաղն ուժով վերադարձնելն է»:
Առայժմ ադրբեջանական կողմը չի արձագանքում` իրենց համար հանդիպումը, այնուամենայնիվ, արդյունավե՞տ էր, թե՞ հայկական կողմը պետք է սպասի պատերազմի: Թերևս դրանով պետք է բացատրել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում նոյեմբերի 21-ին, 22-ին և 23-ին արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
Ինչևէ, հանդիպումից հետո համանախագահներ Բեռնար Ֆասիեն ու Յուրի Մերզլյակովը ևս մեկ անգամ հայտարարեցին, որ պատերազմը ոչ մի դեպքում չի կարող այլընտրանք լինել: «Մենք ասել ենք նախագահներին շատ խիստ և հստակ, որ Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում մեր կառավարություններն այն կարծիքին են, որ պատերազմն այլընտրանք չէ, քանի որ այն չի կարող լուծում ապահովել»,- ասել է Բ. Ֆասիեն: Ռուսաստանցի համանախագահն էլ նկատել է, որ այս կամ այն հայտարարությունը կարող է պայմանավորված լինել ներքաղաքական կյանքի հանգամանքներով:
Այսպիսով, մյունխենյան հանդիպումն արձանագրեց «առաջընթաց» և ի հայտ բերեց «որոշակի դժվարություններ»:
Իսկ առայժմ Իլհամ Ալիևը նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, չի բացառվում, որ նման այց կատարի նաև Հայաստանի նախագահը:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1787

Մեկնաբանություններ